Արսեն Պետրոսյանը Songlines Music Awards 2022-ին է առաջադրվել «Լավագույն արտիստ» անվանակարգում

11:01, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դուդուկահար Արսեն Պետրոսյանը հեղինակավոր Songlines Music Awards 2022-ին առաջադրվել է «Լավագույն արտիստ» անվանակարգում՝ ներկայացնելով «Հոգին ճանապարհ» ալբոմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Songlines Music Awards-ը միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություն է, անցկացվում է արդեն 14-րդ անգամ։ Մրցանակաբաշխությանն ամեն տարի առաջադրվում են աշխարհի տարբեր երկրների տաղանդավոր երաժիշտներ, և այն լայնորեն լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից։ Հեղինակավոր ստուգատեսի կայքի միջոցով հնարավոր է քվեարկել լավագույն արտիստի և երաժշտական խմբի համար։ Քվեարկությունը բաց կլինի մինչև հունվարի 31-ը։

Մրցույթում Արսեն Պետրոսյանի հաղթանակի դեպքում հայկական երաժշտությունն էլ ավելի կտարածվի աշխարհում և հաղթանակը կնպաստի մեր մշակույթի հանրահռչակմանը։

Պետրոսյանի՝ Լոնդոնում թողարկված «Հոգին ճանապարհ» ալբոմը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում։ Հաջորդ ամսին Արսենը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպական մի շարք քաղաքներում։

Արսեն Պետրոսյանը ծնվել է 1994 թվականին Չարենցավանում: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արսենն ակտիվ միջազգային գործունեություն է ծավալում՝ հետևելով դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի և իր ուսուցիչ Գևորգ Դաբաղյանի խորհուրդներին։ Միևնույն ժամանակ, իր ուղին է հարթել ամենատարբեր համագործակցությունների միջոցով՝ աշխատելով լեգենդար ռոք կիթառահար Սթիվ Հաքեթի, կոմպոզիտոր Իհաբ Դարվիշի, ուդահար Օմար Բաշիրի ու այլոց հետ։

Արսեն Պետրոսյանը համերգային շրջագայություններ է ունեցել Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։

Նրա ելույթները ներկայացվել են Medici.tv, Mezzo TV, BR-KLASSIK, ինչպես նաև BBC Persia և այլ մեդիաներով։  Արսեն Պետրոսյանի առաջին սոլո ալբոմը՝ «Չարենցավան. Երաժշտություն՝ դուդուկի համար» լույս է տեսել 2015 թվականին ԱՄՆ-ում և մեծ հաջողություն ունեցել։ 

Արսենի համար քվեարկել հնարավոր է հետևյալ հղումով https://survey.alchemer.com/s3/6654893/Vote-in-the-Songlines-Music-Awards-2022?fbclid=IwAR0AF6prEgv22GaV__JgboI_o2dEbF0Dh53UtKKqoOgRjY367MyUkXAjv1I


© 2009 ARMENPRESS.am