Քրիստինե Գրիգորյանը հետամուտ է լինելու ՄԻՊ-ի կողմից արձանագրված խախտումների վերականգնմանը

10:58, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը խոստանում է, որ սահմանադրությամբ և օրենքով ՄԻՊ-ին վերապահված լիազորությունների շրջանակներում հետամուտ է լինելու, որպեսզի զեկույցներում արձանագրված համակարգային խախտումները վերականգնվեն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, թե արդյոք է հետամուտ լինելո՞ւ է գործող ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը շարունակելուն, որի արդյունքում կառույցը մեծ հեղինակություն է ձեռք բերել թե միջազգային և թե ներպետական հարթակներում, Գրիգորյանը հիշեցրեց, որ հունվարի 21-ի իր ելույթում հնարավորություն է ունեցել գնահատական տալու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակությանը թե՛ միջազգային, թե՛ ներպետական հարթակում, նաև հնարավորություն է ունեցել ասելու, որ թե՛ Արման Թաթոյանը, թե՛ նախորդ բոլոր պաշտպանները իրենց ներդրումն են ունեցել նման հեղինակության հասնելու համար։

«Բացի այդ, շեշտել եմ, որ կառույցի ինստիտուցիոնալ զարգացման և ինստիտուցիոնալ շարունակականության ապահովումը ինձ համար գերակա նպատակ է։ Միևնույն ժամանակ, նշել եմ, որ թե՛ սահմանադրությամբ, թե՛ օրենսդրությամբ առաջնորդվելով՝ հետամուտ եմ լինելու Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների զեկույցներում, տարեկան հաղորդումներում, արտահերթ զեկույցներում հրապարակված խախտումները վերականգնելու առումով»,- ասաց Գրիգորյանը։

ՄԻՊ թեկնածուն հիշեցրեց նաև իր առաջնահերթությունները՝ դրանք են թե անվտանգային միջավայրի, թե իրավապահ համակարգի, թե հավաքների ազատության, թե ատելության խոսքի հետ կապված խնդիրները, ինչպես նաև կանանց իրավունքների, իրավահավասարության, տնտեսական իրավունքների և այլ ոլորտների հետ կապված հարցերը։

«Սահմանադրությամբ և օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակներում հետամուտ եմ լինելու, որ արձանագրված համակարգային խախտումները վերականգնվեն»,- եզրափակեց Գրիգորյանը։


© 2009 ARMENPRESS.am