Բեն Ուոլեսն ուրախ է, որ Շոյգուն ընդունել է բանակցությունների առաջարկը

16:51, 22 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը գոհ է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուն ընդունել է բանակցությունների առաջարկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ- Նովոստի »-ն, այս մասին գրում է «The Independent» պարբերականը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարին հրավիրել է Մոսկվայում բանակցություններ վարելու։ Այսպես է ռուս նախարարը պատասխանել Ուոլեսի՝ Լոնդոնում հանդիպելու հրավերին՝ հիշեցնելով, որ վերջին անգամ կողմերը հանդիպել են 2013 թվականին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում՝ ԱԳ և պաշտպանության նախարարների 2+2 բանակցությունների ժամանակ։

«Պաշտպանության նախարարը գոհ է, որ Ռուսաստանը ընդունել է գործընկերոջ հետ բանակցելու հրավերը... Նախարարը հասկացրել է, որ կուսումնասիրի կայունության հասնելու և ուկրաինական ճգնաժամը լուծելու բոլոր ուղիները։ Մենք կապի մեջ ենք Ռուսաստանի կառավարության հետ»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրը։

 


© 2009 ARMENPRESS.am