Ուզբեկստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ռեկորդային աճ

16:32, 22 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1390 նոր դեպք: Դա  2020 թվականի մարտից ի վեր վարակի՝ երկրում հաստատված ամենաբարձր ցուցանիշն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հունվարի 22-ին հայտնել է Ուզբեկստանի Առողջապահության նախարարությունը:

Նախարարությունը հունվարի 9-ին հայտարարել էր Ուզբեկստանում «օմիկրոն» շտամով վարակի առաջին դեպքի մասին:

«Ուրբաթ օրը Ուզբեկստանում կորոնավիրուսով վարակվել է 1390 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը 212 289 է»,-ասվում է նախարարության տելեգրամյան ալիքում:

Երկրում առողջացածների ընդհանուր թիվը 202 149 է: Հունվարի 21-ին հիվանդանոցից դուրս է գրվել 437 մարդ, այժմ բուժում է ստանում  8604 վարակակիր:

Նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 1536 է:

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am