Լավրովը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի ղեկավարին՝ Բլինկենի հետ հանդիպում կազմակերպելու համար

16:16, 22 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ- Նովստի»-ին, այս մասին հունվարի 22-ին հայտնել է հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Հունվարի 21-ին Ժնևում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։ Սա արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումն էր։ Առաջինը տեղի է ունեցել մայիսին Ռեյկյավիկում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում։ Երկրորդը՝ դեկտեմբերին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ նախարարների հանդիպման շրջանակում։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հունվարի 22-ին Ժնևում կայացած Լավրովի և Կասիսի հանդիպման ընթացքում մտքերի կառուցողական փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի, ինչպես նաև միջազգային մի շարք արդի խնդիրների և բարեկամական հարաբերությունների շուրջ։ Ընդգծվել է ռուս-շվեյցարական հարաբերությունների դրական և բովանդակալից բնույթը:

«Ռուսական կողմը երախտագիտություն է հայտնել շվեյցարացի գործընկերներին՝ Ժնևում ռուս-ամերիկյան բանակցությունների կազմակերպման հարցում ցուցաբերած օգնության համար», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Ավելի վաղ Իգնացիո Կասիսը հայտարարել էր, որ Շվեյցարիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Լավրովի ու Բլինկենի նոր հանդիպման կազմակերպմանը։

 


© 2009 ARMENPRESS.am