ԿԳՄՍ նախարարը և ռեկտորները քննարկել են բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի լրամշակված նախագիծը

20:10, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները:

Օրակարգի առաջին հարցը վերաբերել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի լրամշակված նախագծի քննարկմանը: Ներկայացնելով նախագիծը` ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախագծի նոր տարբերակում երկու սկզբունքային փոփոխություն է արվել. խմբագրվել են Սահմանադրական դատարանի կողմից 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթները, որոնք վերաբերում էին բուհերի ռեկտորների ընտրությանը, ինչպես նաև փոխվել են Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին ու գործունեությանն առնչվող դրույթները:

Ռեկտորի ընտրության հարցը` ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ անդրադառնալով ռեկտորի՝ հանրային լայն արձագանք ստացած ընտրության դրույթին` Վահրամ Դումանյանը նշել է, որ նոր նախագծով՝ կառավարման խորհրդի անդամների թիվը սահմանվել է 12, որից 6-ը բուհի ներկայացուցիչներ են, իսկ մյուս 6-ը՝ լիազոր մարմնի առաջադրած ներկայացուցիչներ։

Փոփոխություն է նախատեսվել նաև ռեկտորի ընտրության կարգում: Ըստ խմբագրված օրինագծի` ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով վարկանիշային քվեարկությամբ։ Խորհրդի որոշմամբ՝ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի ընտրությանն է առաջադրվում ընտրանքային փուլին մասնակցած և փակ գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի կողմ ձայները ստացած մինչև երեք թեկնածություն: Լիազոր մարմնի ղեկավարը ներկայացված թեկնածուներից մեկին նշանակում է ռեկտոր` նրան ներկայացնելով հոգաբարձուների խորհրդի նախագահին՝ կնքելու աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով:

«Այսինքն` խորհրդի անդամն իրավունք կունենա կողմ քվեարկելու ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածուների օգտին: Լիազոր մարմնի ղեկավարը հետագայում նշանակում կանի` ընտրելով հիսուն տոկոսից ավելի կողմ ձայն ստացած որևէ թեկնածուի: Տեսականորեն, եթե բուհի կառավարման խորհուրդը ռեկտորի ընտրության հարցում կունենա հստակ կողմնորոշում և հիսուն տոկոս+1 ձայն կտա ընդամենը մեկ թեկնածուի օգտին, ապա հենց այդ թեկնածուն էլ կդառնա ռեկտոր»,- պարզաբանել է Վահրամ Դումանյանը` ավելացնելով, որ այս լուծումն առաջարկվել է՝ բուհերում ռեկտորի ընտրությամբ պայմանավորված լարվածությունը նվազեցնելու նպատակով:

Ընդունելության քննությունների մասին

Հանդիպման օրակարգի հաջորդ հարցը բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին է վերաբերել: Նախարարը նշել է, որ նախատեսվում է սահմանել 2 միասնական քննության պարտադիր պահանջ, ինչպես նաև 2 անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորություն: Վերջնականորեն հաստատվելուց հետո այս փոփոխությունը կիրառելի կլինի հաջորդ ուսումնական տարվանից` ուժի մեջ մտնելով 2023 թվականից:

«Ընդունելության քննությունների հետ կապված՝ մեր մոտեցումը հետևյալն է. նույն մասնագիտության համար դիմորդը պետք է հանձնի նույն քննությունը` անկախ նրանից, թե որ բուհում է սովորելու: Անընդունելի է, երբ նույն կրթական ծրագիրն իրականացնող երկու տարբեր բուհերում սահմանված են տարբեր մուտքային պահանջներ և ընդունելության տարբեր քննություններ»,- փաստել է նախարարը:

Նշվում է, որ ըստ նախագծի` կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով, անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից, բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննություն։

44-օրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

Ռեկտորների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագրին` նշելով, որ պատերազմին մասնակցած բոլոր ուսանողները պարտադիր պետք է ստանան մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում` անկախ միջին որակական գնահատականից:

«Անթույլատրելի է, երբ պատերազմի մասնակից որևէ ուսանող որևէ բուհում այս հարցի հետ կապված ինչ-որ խնդիր է ունենում»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաստատված որակավորումների ոլորտային շրջանակների հիման վրա կրթական ծրագրերի մշակմանը, մասնագիտական խորհուրդների ձևավորմանը և մի շարք այլ խնդիրների առնչվող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am