Podcast-Sport. Ռաֆայել Նազարյանը՝ ԲԿՄԱ-ի և երիտասարդական հավաքականի մասին

09:45, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին հատվածից հետո ԲԿՄԱ-ն, որն առաջին տարին է, ինչ մասնակցում է Պրեմիեր լիգային, մրցաշարային աղյուսակի վերջնամասում է: ԲԿՄԱ-ի կորիզը կազմում են Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամները:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու և Երևանի ԲԿՄԱ- գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն է:

«Գրանցված արդյունքները չեն գոհացնում, բայց կան որոշակի գործոններ, որոնց հետ պետք է հաշվի նստենք: Այդ գործոններից մեկն այն է, որ ԲԿՄԱ-ում հանդես եկող ֆուտբոլիստների 90 տոկոսն առաջին անգամ է մասնակցում Պրեմիեր լիգային»,- ասաց Նազարյանը: ԲԿՄԱ- ի գլխավոր մարզչի խոսքով` ֆուտբոլիստներին ժամանակ է պետք հարմարվելու, առաջնության տեմպը զգալու համար:

«Մրցաշրջանի առաջին հատվածը երեք ենթադրյալ կատեգորիայի` ադապտացիայի, կայունության և զարգացման շրջան էր: Առաջին կեսում մենք անցանք ադապտացիոն շրջանը: Այժմ մտնում ենք կայունացման փուլ»,- շեշտեց նա:

Ռաֆայել Նազարյանն անդրադարձավ նաև երիտասարդական ընտրանուն, որը Եվրո-2023-ի ընտրական փուլում անցկացրած 6 խաղերից 5- ում պարտվել է, իսկ մեկում հաղթել. «Եվրոպայի ընտրական փուլի խաղերում գրանցված արդյունքները չեն արտացոլում հավաքականի ներկայիս ներուժը: Օրինակ` սերբերի դեմ հանդիպմանը մենք խաղով չէինք զիջում նրանց: Միավորների տեսանկյունից էլ ինքս` որպես մարզիչ, շատ դժգոհ եմ, սակայն կարծում եմ, որ մենք որակի առումով չենք զիջել՝ բացառությամբ Ֆրանսիայի ընտրանու հետ հանդիպումը: Ես կարծում եմ, որ Ֆրանսիան այժմ աշխարհի ամենաուժեղ ընտրանին ունի»,- նշեց մասնագետը: 

 

 


© 2009 ARMENPRESS.am