ՀՌՀ-ն խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունի. Գեղամ Մանուկյան

12:11, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունի. ՀՌՀ-ն իրավունք չունի որոշելու, թե, օրինակ, ինչպես է լուսաբանվում Ազգային ժողովի նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի իր ելույթում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պարտականություններն են հետևել այն փաթեթով, որով լիցենզիա են ստացել հեռուստաընկերությունները, այդ պարտականությունների կատարմանը, համապատասխանությանը և որպեսզի հեռուստաընկերություններն իրենց եթերային քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետության օրենքները չխախտեն, կարմիր գծերը չանցնեն։ Մնացած բոլորի հետ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կապ չունի։ ՀՌՀ-ն խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունի։ Ազգային ժողովի նիստը ինչպես է լուսաբանում հեռուստատեսությունը՝ ՀՌԱՀ-ն իրավունք չունի որոշել»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովում երկու օր քննարկվում է լեզվական մշակույթի, մշակույթի քարոզչության մասին, բայց ՀՌԱՀ-ն այդ գործառույթները իրականացնելու իրավունքը չունի։

«Հայ հասարակությանը թյուրիմացության մեջ մի գցեք՝ երկու օր լսելուց հետո մարդը կմտածի, որ վաղվանից սերիալները և անճաշակ հաղորդումները արգելելու են, առավոտվանից մինչև գիշեր դասական երաժշտություն է հեռարձակվելու կամ հեռուստաալիքներին ստիպելու են գիտակրթական, մշակութային հաղորդումներ լուսաբանել։ Ո՛չ, ամեն հեռուստաընկերություն վերցրել է իր վրա պարտականություն և այդ պարտականությունների շրջանակներում գործում է»,- նշեց Մանուկյանը։


© 2009 ARMENPRESS.am