«Հերոսների վերականգնողական քաղաք»-ում կցուցաբերվի հոգեբանական աջակցություն թվային տեխնոլոգիաների միջոցով

09:30, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ,21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրադարան, IT տեխնոլոգիաների կենտրոն, հոգեկան առողջության ջրվեժ, հացատուն. այս և նմանատիպ մի շարք նախագծեր է այս տարի պատրաստվում իրագործել ու ավարտին հասցնել արդեն իսկ գործող «Հերոսների վերականգնողական քաղաք»-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում  «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը նշեց, որ այժմ իրականացնում են գրադարանի և IT տեխնոլոգիաների շենքի  գծագրումը, որի երկրորդ հարկում 25 զինվոր գիշերելու և ստացիոնար վերականգնողական աջակցություն ստանալու հնարավորություն կունենա: Շարունակելու են հիմնական շենքի՝ երկրորդ հարկի աշխատանքները, որտեղ նախատեսվում է ստեղծել աշխատատեղեր ոչ միայն զինվորների, այլ նաև ծնողների և զոհվածների ընտանիքների համար: Այնտեղ լինելու է փոքր կարի արտադրամաս, գեղեցկության սրահ, խոհանոց որտեղ այցելուներին կսովորեցնեն  բոլոր անհրաժեշտ հմտությունները:

2021 թվականի ապրիլի 23-ին տեղի է ունեցել կենտրոնի հիմնարկեքը և արդեն տարեվերջին շահագործման է հանձնվել 130 քառակուսի մետրանոց 2 բուժական վայր սովորական բուժական սենյակներով, ևս մեկը՝ վախերի կառավարման սենյակն է: Այն հագեցած է, կարելի է ասել, գերժամանակակից տեխնիկական միջոցներով, որոնց օգնությամբ տարածաշրջանում առաջին անգամ հոգեբանական խնդիրների հաղթահարման թերապիաներն անցկացնելու են գերժամանակակից 3D տեխնոլոգիաների միջոցով։

Թերապիաները հիմնականում իրականացվում են անհատական և խմբային: Մեթոդները նույնպես ընտրվում են անհատական մոտեցմամբ՝ կախված խնդրի խորությունից:

Ըստ մասնագետի՝ նախնական իրականացրած հետազոտության արդյունքները շատ անհատական են, սակայն միջինացված տվյալներով՝ 4 այցելությունից հետո կարելի է նկատել դրական դինամիկա: Իսկ մոտավորապես 1.5-2 ամիս հետո, իհարկե, ոչ բոլոր խնդիրները՝ կախված տրավմայի աստիճանից, ծանրությունից, անհատական առանձնահատկություններից, կարելի է ասել գրեթե ամբողջությամբ լուծվում են:

Կենտրոնն իր կարևոր առաքելությունն է համարում ոչ միայն օգնել զինվորներին և պատերազմի հետևանքով հոգեբանական խնդիրներ ձեռք բերած մարդկանց, այլև պատրաստվում է նեղ մասնագիտացված նորարարական գիտելիքներ և մեթոդներ փոխանցել հոգեբանական խնդիրների հաղթահարմամբ զբաղվող մասնագետներին: Նպատակ ունեն նաև ընդունել մասնագետների, ովքեր բացարձակ փորձ չունեն: Նրանց կօգնեն լուրջ վերապատրաստվել ու դրանից հետո սկսել աշխատանքները կենտրոնի այցելուների հետ:

Կենտրոնում շատ կարևոր են համարում հոգեբուժության և հոգեբանության տարբերակումը, ճիշտ իրազեկումն ու հոգեկրթումը, ինչը կնպաստի այցելությունների թվի բարձրացմանը:

Գայանե Գաբոյան

[gallery id= 65501]

© 2009 ARMENPRESS.am