Սերգեյ Կոպիրկինը հյուրընկալվել է ԵՊՀ-ում

17:06, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հունվարի 20-ին հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից, նշելով, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:

Հ. Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ ԵՊՀ-ն սերտորեն համագործակցում է Ռուսաստանի տարբեր բուհերի, ինստիտուտների և հետազոտական կենտրոնների հետ: Նա ասաց, որ ռուսագիտության զարգացումը մեծապես կարևորվում է ԵՊՀ-ում, ինչի վկայությունն են համալսարանում գործող Ռուս բանասիրության ֆակուլտետը, Ռուսական կենտրոնը, Ռուսական հետազոտությունների նորաստեղծ կենտրոնը, ինչպես նաև դրան ուղղված տարբեր միջոցառումները:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով Հ. Հովհաննիսյանին համալսարանի կառավարումը ստանձնելու կապակցությամբ, ընդգծել է, որ իրենց համար ևս ԵՊՀ-ի հետ համագործակցությունն առաջնահերթություն է, քանի որ այն Հայաստանի առաջատար բուհն է և հետազոտական գլխավոր կենտրոններից մեկը:

Դեսպանը կարևորել է համատեղ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն կընձեռեն սերտացնելու փոխադարձ շփումները, ձևավորելու երկխոսություն մասնագետների միջև և առավել ամրապնդելու փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում Ա. Մարգարովը մանրամասն ներկայացրել է ԵՊՀ-ի և Ռուսաստանի տարբեր համալսարանների ու կենտրոնների միջև առկա համագործակցությունը, դրա շրջանակում իրականացվող ծրագրերը և առաջիկա անելիքները:

Պ. Բալայանն էլ անդրադարձել է ֆակուլտետի գործունեությանը, իրականացրած գիտական ու կրթական միջոցառումներին, առկա խնդիրներին ու նոր գաղափարներին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են կոնկրետ ծրագրեր և միջոցառումներ, որոնք դրական նոր զարգացումներ կհաղորդեն կրթական ու գիտական կառույցների հետ համագործակցությանը՝ նպաստելով վերջինիս ամրապնդմանը:

 


© 2009 ARMENPRESS.am