Հայաստանը և Միացյալ Թագավորությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

09:36, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը հունվարի 20-ին, նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայ-բրիտանական միջպետական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 20-ին:

Անշուշտ, հայ-բրիտանական առնչությունները, այդ թվում՝ միջպետական, շատ ավելի խոր արմատներ ունեն և չեն սահմանափակվում նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմությամբ: Կարելի է հիշել թեկուզ 1918-20 թթ. առաջին հանրապետության ժամանակաշրջանը, երբ Հայաստանը անգլո-ֆրանսիական դաշինքի գլխավորությամբ Առաջին աշխարհամարտում հաղթած Անտանտի (Համաձայնության) միության դաշնակիցն էր և հաղթող պետությունների թվում էր, իսկ Բրիտանիան գերիշխող դիրքեր էր ստացել ողջ տարածաշրջանում:

Հայաստանը և Մեծ Բրիտանիան վերականգնեցին միջպետական բարեկամական հարաբերությունները Խորհրդային Միության փլուզումից հետո` 1991 թվականին, երբ Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Միացյալ Թագավորությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 31-ին:

1992 թ. հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Նույն թվականի հոկտեմբերին Լոնդոնում բացվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը: Ի դեպ, սա Եվրոպայում Հայաստանի առաջին դեսպանատունն է:

Իսկ Միացյալ Թագավորությունում Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպանը եղել է ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանը: Նա Լոնդոնում դեսպան է նշանակվել 1992-ին և հետագայում վերանշանակվել է նույն պաշտոնում երկու անգամ՝ 1998-2000 թթ. և 2013-2018 թթ.:

Իսկ բրիտանական դեսպանատունը Հայաստանում գործում է 1995 թվականից: Երևանում Միացյալ Թագավորության առաջին արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Դեյվիդ Միլլերը (1995-1997): Նրան հետագայում հաջորդել են դեսպաններ Ջոն Միթչիները (1997-1999) Թիմոթի Մարշալ Ջոնսը (1999-2002), Թորիլդա Մ. Վ. Էբոթ-Վոթը (2003-2005), Էնթոնի Կանտորը (2006-2008), Չարլզ Լոնսդեյլը (2008-2012), Ջոնաթան Էյվսը, Քեթրին Լիչը (2012-2014), (2014-2015) և Ջուդիթ Ֆարնուորթը (2015-2019):

2020 թ. դեկտեմբերի 15-ից Միացյալ Թագավորության միապետ Նորին Մեծություն Եղիսաբեթ 2-րդի դեսպանը Հայաստանում Ջոն Պատրիկ Գալագերն է:

Իսկ 2021 հուլիսի 16-ից Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Վարուժան Ներսեսյանը։

30 տարվա ընթացքում Հայաստանից շուրջ երկու տասնյակ բարձր և բարձրագույն մակարդակի այցեր են եղել Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն են այցելել 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, գործող նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի արտգործնախարարները, Ազգային ժողովի նախագահները: Բրիտանական կողմից այցերը եղել են հիմնականում նախարարների մակարդակով: 2021 թ. փետրվարին Հայաստան է ժամանել ՄԹ խորհրդարանական փոխպետքարտուղար, Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնը:

Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերը` հանրահայտ «Երկաթե լեդին», Հայաստան է այցելել 1990 թվականի հունիսին, երբ Հայաստանը դեռ ԽՍՀՄ կազմում էր։

Երկու երկրների միջև ստորագրվել է 6 համաձայնագիր ներդրումների խրախուսման և պաշտպանության, կրթության, գիտության և մշակույթի, օդային հաղորդակցության և այլ բնագավառներում համագործակցության վերաբերյալ և մի քանի հուշագիր՝ այդ թվում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առանց սահմանափակումների ճամփորդության մասին:

Այսպիսով, հայ-բրիտանական փոխգործակցության ոչ միակ, բայց կարևոր ոլորտներից են կրթությունը և գիտությունը: Այս բնագավառում Բրիտանիան մի շարք ծրագրեր է իրականացնում, այդ թվում՝ «Չիվնինգ» կրթաթոշակի հաջողված ծրագիրը, որի շնորհիվ տասնյակ հայ երիտասարդներ բարձրակարգ կրթություն են ստացել և շարունակում են ստանալ Մեծ Բրիտանիայի լավագույն բուհերում:

Հայաստանը և Մեծ Բրիտանիան համագործակցում են նաև պաշտպանության ոլորտում: Ամեն տարի ՀՀ և ՄԹ պաշտպանության նախարարություններն անցկացնում են հայ-բրիտանական ռազմաքաղաքական խորհրդակցություններ, հաստատվում են պաշտպանական գերատեսչությունների միջև պաշտպանական բնագավառում համագործակցության մեկամյա պլանները:

Երկկողմ առևտրի ծավալները մեծ չեն, սակայն վերջին շրջանում դրական աճի դինամիկա է նկատվում: Ըստ ՀՀ ԱԳՆ տեղեկատվական բազայի՝ 2020 թվականին հայ-բրիտանական երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 64.5 մլն ԱՄՆ դոլար: Մինչդեռ բրիտանական կառավարության Միջազգային առտևրի վարչության հաղորդած ավելի թարմ տվյալներով՝ 2020 թ. հունիս-2021 թ. հունիս ժամանակահատվածում Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև ապրանքների և ընդհանուր ծառայությունների առևտուրը նախորդ տարվա համեմատ աճել է 88.2%-ով և կազմել 64 մլն բրիտանական ֆունտ ստեռլինգ, որը համարժեք է ավելի քան 87 մլն ամերիկյան դոլարին:


© 2009 ARMENPRESS.am