Պատմության հետագծով

08:45, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1975 թ. հունվարի 20-ին առաջին ռազմական գործողությունն սկսեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն։

-1919 թ. հունվարի 20-ին ծնվել է Սիլվա Կապուտիկյանը՝ հայ գրող ու բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1952), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1980),  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

-1933 թ. հունվարի 20-ին Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

-1990 թ. հունվարի 20-ին խորհրդային զորքերն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, ինչի հետեւանքով մահացավ 137 մարդ, մոտ 800-ը վիրավորվեցին։

-1993 թ. հունվարի 20-ին արցախյան ազատամարտի ժամանակ ավարտվեցին ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները, եւ ավարտվեց մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։

-2014 թ. հունվարի 20-ին հակառակորդի հետ բռնկված փոխհրաձգության հետեւանքով մարտական դիրքում իր առջեւ դրված խնդիրն արիաբար կատարելու ժամանակ զոհվել է ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

-1984 թ. հունվարի 20-ին մահացել է Ջոննի Վայսմյուլլերը՝ ծագումով գերմանացի, ամերիկացի լողորդ, Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, նաեւ դերասան, Տարզանին մարմնավորած ամենահայտնի դերասաններից մեկը (ծնվ.՝ 1904 թ.)։

-1752 թ. հունվարի 20-ին իտալացի քանադակագործ Լուիջի Վանվիտելլիի գլխավորությամբ սկսվեց Եվրոպայի ամենամեծ կառույցներից մեկի՝ Կազերտյան պալատի շինարարությունը։

-1924 թ. հունվարի 20-ին ծնվել է Մանյա Ղազարյանը՝ հայ արվեստաբան։ Արվեստագիտության դոկտոր (1996)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983)։

-1945 թ. հունվարի 20-ին ծնվել է Սամվել Մուրադյանը՝ հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014)։

Ա. Հ.   


© 2009 ARMENPRESS.am