Մոլդովայում արտակարգ դրություն կարող է հայտարարվել գազի ճգնաժամի պատճառով

20:23, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի կառավարությունը որոշում է ընդունել խնդրել խորհրդարանից երկրում 60 օրով արտակարգ դրության ռեժիմ մտցնել՝ կապված էներգետիկ իրավիճակի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Նատալյա Գավրիլիցան:

Ավելի վաղ փոխվարչապետ Անդրեյ Սպինուն նշել էր, որ երկիրը բախվել է ճգնաժամի հերթական փուլի հետ, քանի որ դեկտեմբերին գազի գնման սակագինը հազար խորանարդ մետրի դիմաց 450 ԱՄՆ դոլար էր, իսկ հունվարին այն աճել է՝ հասնելով 646-ի:

«Գազպրոմ»-ը պաշտոնապես նախազգուշացրել է, որ կկասեցնի վառելիքի մատակարարումը, եթե մինչև հունվարի 20-ը կանխավճար չստանա:

«Մոլդովագազ»-ը չի հասցնի հունվարին կանխավճար վճարել»,- նշել է Գավրիլիցան: Նա հայտնել է, որ խորհրդարանի հաստատումից հետո երկրում արտակարգ դրություն կհաստատվի, որպեսզի արտակարգ հարցերով հանձնաժողովը իրավունք ունենա բնակչությանը վառելիքով ապահովելու հրատապ քայլեր ձեռնարկել, քանի որ «Գազպրոմ»-ը կարող է հունվարի 21-ից դադարեցնել գազամատակարարումը:

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am