Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է մտնում նախապայմաններով. Մամիջանյան

18:07, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող երկու կուսակցություններից Հանրապետական կուսակցության առաջնորդը եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներից մեկի ճարտարապետը, և խմբակցությունն իրապես առանց նախապայմանների կարգավորման հետ կապված իր կարծիքը բազմաթիվ անգամ հայտնել է։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանը շեշտեց, որ այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների, այդ թվում՝ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով։

«Այդ գործընթացը չի կարող իրականացվել ժողովրդի մեջքի հետևում, որովհետև ընթացիկ յուրաքանչյուր իրադարձության վերաբերյալ տեղեկացել ենք հիմնականում Չավուշօղլուից (Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու – խմբ.), իսկ հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, իսկ Ստոկհոլմում երկու երկրների արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպման առհասարակ տեղեկություն չտարածվեց։ Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ Ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշօղլուն արդեն իսկ ասել է, որ իրենք յուրաքանչյուր քայլը խորհրդակցում և համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ի վնաս կամ ի հաշիվ, թեպետ մենք արդեն իսկ տեսել ենք արտաքին գործերի նախարարության արտահայտությունը։ Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ, արհամարհելով սփյուռքի կարծիքը, չլսելով և չխորհրդակցելով սփյուռքի հետ։ Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ լռելյայն, կուլ տալով այն բոլոր վայրագությունները և հանցագործությունները, որոնք Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և ունի լկտիություն պաշտոնապես դրանք ընդունելու։ Թուրքիայի փոխնախագահը իրենց բյուջեի ներկայացման ժամանակ նշել է, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները մասնակցել են 44-օրյա պատերազմում, որին հայկական կողմը տվել է զրո արձագանք»,- ասաց Մամիջանյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը շեշտեց, որ հարաբերությունների կարգավորմանը գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ Ղարաբաղյան հակամարտության բանակցություններին։ Մամիջանյանը հիշեցրեց, որ 2016 թվականին ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածվեց հայտարարություն, որի անդամ է նաև Թուրքիան, որտեղ կարևորվում էր ուժի չկիրառման սկզբունքը, իսկ այս պատերազմին Թուրքիան անմիջական մասնակից էր։

Մամիջանյանը անտրամաբանական է համարում սկսել գործընթացը ենթադրաբար հեռացող Թուրքիայի նախագահի օրոք, որովհետև հաջորդ տարի Թուրքիայում ընտրական տարի է և Էրդողանի վերընտրվելու շանսերը շատ ցածր է։

 « Էրդողանը համարվում է պանթուրքիստական նկրտումներով ղեկավար»,- եզրափակեց Մամիջանյանը։

 


© 2009 ARMENPRESS.am