Հայկական կողմի ցանկությունն է՝ հնարավորինս արագ ներգրավվել բովանդակային բանակցությունների մեջ. Ռուբինյան

15:24, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը մտքեր են փոխանակել, թե ինչպես են տեսնում գործընթացը՝ և տեխնիկապես, և՛ մի փոքր նաև բովանդակային առումով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը հիշեցրեց, որ ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով երկու կողմերի ԱԳՆ-ները տարածել են մամուլի հաղորդագրություններ:

«Այդ թվում Թուրքիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ֆիքսված է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բանակցությունները շարունակել առանց նախապայմանների: Ընդհանուր առմամբ՝ առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բայց թե ինչպես կընթանա գործընթացն ընդհանրապես, կախված է կողմերի պատրաստակամությունից և կառուցողականության շարունակականությունից: ՀՀ-ն մշտապես հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, հասնել սահմանի բացման, դիվանագիտական հարաբերություններ հաստատել»,-ասաց նա:

Այսպիսով, կողմերը պայմանավորվել են բանակցություններ վարել և շարունակել առանց նախապայմանների: Իսկ թե ինչպես կընթանա հետագա գործընթացը, Ռուբինյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ կախված է Թուրքիայի կառուցողականության, անկեղծության, պատրաստակամության մակարդակից:  

«Հայկական կողմից ցանկությունն է, որ հնարավորինս արագ ներգրավվենք բովանդակային, այսինքն՝ սուբստանտիվ բանակցությունների մեջ, որովհետև մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ: Եվ դա առաջին հերթին սահմանի բացումն է: Մենք ասել ենք և ասում ենք հետևյալը՝ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հասնել հարաբերությունների կարգավորման»,-ասաց Ռուբինյանը:

Նա միևնույն ժամանակ հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի որևէ իշխանության օրոք չի եղել հայկական կողմից առաջադրված նախապայման:

Հարցին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատումը և՞ս չպետք է լինի նախապայման՝ Ռուբինյանն ասաց.

 «Երբ մենք ասում ենք, որ ՀՀ-ն պատրաստ է հարաբերությունները կարգավորել՝ առանց նախապայմանների, դա նշանակում է, որ նույնն ակնկալվում է մյուս կողմից: Բանակցությունների ամբողջ իմաստն ինչ է. կա իրավիճակ, որը մեզ ձեռնտու չէ: Ես կարծում եմ, որ այն ձեռնտու չէ նաև Թուրքիային: Մենք ուզում ենք, որ սահմանը բաց լինի: Եվ մենք պատրաստ ենք բանակցել դրա շուրջ, բանակցության ամբողջ իմաստն այն է, որ երկու երկրների միջև կա խնդիր, և այն պետք է լուծել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը՝ Ռուբինյանն ասաց. «Առաջին հանդիպումը, ինչպես և բխում է մամուլի հաղորդագրություններից, հիմնականում ճանաչողական բնույթ էր կրում, և հիմնականում մտքեր ենք փոխանակել այն մասին, թե ինչպես ենք տեսնում գործընթացը՝ և տեխնիկապես, և մի փոքր բովանդակային: Փորձ է արվել երկուստեք քննարկել ոչ սուր անկյուններ առաջացնող հարցերը, այլ դրական հարցերը: Թե ինչ կլինի հետո, կախված է Թուրքիայի կառուցողականությանության աստիճանից, բովանդակային բանակցությունների մեջ ընդգրկվելու պատրաստակամության աստիճանից: Ես կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ այն, ինչ եղել է, գնահատում եմ նորմալ, առաջին հանդիպումը գնահատում եմ կառուցողական: Իսկ թե ինչպես կգնա գործընթացը, կախված է այդ թվում նաև Թուրքիայի պատրաստակամությունից, անկեղծությունից և կառուցողականությունից»,-շեշտեց Ռուբինյանը:

Երկրորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Բայց, բնականաբար, մի օր ձեռք կբերվի, և կտեղեկացնեմ»,-ասաց նա:

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:


© 2009 ARMENPRESS.am