Իրանը ողջունում է ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. Իրանի ԱԳՆ

19:40, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, 1lurer.am-ը, հղում կատարելով ISNA գործակալությանը, հայտնում է, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Իրանը ողջունում է իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը և աջակցում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։

 «Մեր տարածաշրջանը հոգնել է հարաբերությունների խզումից ու բացասական մոտեցումներից: Պետք է օգնենք դրական մոտեցումներ ու տեսակետներ ձևավորել»,- ընդգծել է Խաթիբզադեն:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 14-ին հաղորդագրություն էր տարածել Մոսկվայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ։ «Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,- ասված էր հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ նույնաբովանդակ հաղորդագրություն էր տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:


© 2009 ARMENPRESS.am