Դահուկորդ Միքայել Միքայելյանի համար այս տարվա ամենակարևոր մրցաշարն Օլիմպիական խաղերը չեն

16:44, 16 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական դահուկավազքի առաջատար Միքայել Միքայելյանի համար այս տարի առաջնայինը ոչ թե Օլիմպիական խաղերն են, այլ Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը:

«Մեկնարկային երկու մրցատարածություններում գրանցած արդյունքներս ինձ դուր չեկան և մի պահ անհանգստացա մարզավիճակիս համար, սակայն մրցումային վերջին օրը` արագավազքում, ինքս ինձնից գոհ եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը:

Վերջինս շեշտեց, որ անկախ մրցաշարից, ինքն ամեն անգամ փորձում է անել իր լավագույնը:

«Իմ գերազագույն նպատակն աշխարհի երիտասարդների առաջնությունն է, ոչ թե Օլիմպիական խաղերը: Պեկինի Խաղերում կլինեմ միայն 15 օր և այնտեղ էլ կմեկնեմ աշխարհի առաջնության: Ինձ համար առաջնահերթը Մ23 տարեկանների առաջնությունն է»,-ասաց նա:

Միքայել Միքայելյանն այս տարի ևս Հայաստանի առաջնության բացարձակ չեմպիոնն է: Նա երկրորդ անգամ կմասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերին:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 

 


© 2009 ARMENPRESS.am