Ձյան պատճառով Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

16:35, 16 Հունվար, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Ստեփանակերտ-Շոշ-Մարտունի միջշրջանային ճանապարհի Շոշ գյուղի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

«Միջհամայնքային մյուս ճանապարհները բաց են ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում մառախուղ է և տեղում է ձյուն:

Բոլոր ուղղություններում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ:

Սարավան-«Զանգեր» հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է»,- ասվում է գրառման մեջ:

Արցախի ՆԳ նախարարությունը հորդորել է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


© 2009 ARMENPRESS.am