Արցախի պետնախարարը Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել է Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

14:08, 15 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն հունվարի 15-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը, ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները: Պետական նախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության առաջնահերթությունները և բնակչության իրավունքները անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել:

Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:


© 2009 ARMENPRESS.am