Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին

13:07, 15 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։

«Վան Ին ասել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է Իրանի նկատմամբ անօրինական միակողմանի պատժամիջոցներին, քաղաքական մանիպուլյացիաներին այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքները և կոպիտ միջամտությունը Իրանի և տարածաշրջանի այլ երկրների ներքին գործերին»,- ասել է Չինաստանի ԱԳ նախարարը՝ Իրանցի գործընկեր Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպումից հետո։

Վան Ին վերահաստատել է Իրանի հետ համագործակցելու, միմյանց աջակցելու իրենց հիմնական շահերը պաշտպանելու և հեգեմոնիզմի և ուժային քաղաքականության դեմ համատեղ հանդես գալու պատրաստակամությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Վան Ին ասել է, որ ստեղծված իրավիճակի պատճառը ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալն է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և «նրանք պետք է կրեն հիմնական պատասխանատվությունը և հնարավորինս արագ շտկեն իրենց սխալները»։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NPR ռադիոկայանի եթերում ասել էր, որ Իրանը, Վիեննայում JCPOA-ի վերականգնման շուրջ բանակցություններում, պետք է հաշվի առնի, որ կա սահմանափակ ժամկետ՝ պլանի դրույթներին համապատասխանությանը վերադառնալու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար։

2015 թվականին Իրանը և «վեցյակի» երկրները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան, ստորագրեցին JCPOA՝ միջուկային համաձայնագիր, ըստ որի Թեհրանը պետք է սահմանափակի իր միջուկային ծրագրի զարգացումը բացառապես խաղաղ նպատակներով։ Համաձայնեցվել են հատուկ պարամետրեր, այդ թվում՝ ուրանի հարստացման մակարդակը, ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ընդունումը Իրանի միջուկային օբյեկտներ՝ պատժամիջոցների փուլային վերացման դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից 2018 թվականին և կրկին սահմանեց հակաիրանական պատժամիջոցները՝ ստիպելով Թեհրանին աստիճանաբար հրաժարվել գործարքի որոշ պայմաններից:


© 2009 ARMENPRESS.am