ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը

20:38, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի հունվարի 14-ին կայացած անդրանիկ  նիստի օրակարգում է եղել համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ հոգաբարձունների խորհրդի նախագահ է ընտրվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, քարտուղար՝ համալսարանի հայցորդ Խաչատուր Խաչատրյանը։

«Այս համալսարանը իմ մայր բուհն է, որն ունի մեկդարյա ձևավորված բարձրարժեք ավանդույթներ: Շատ պատասխանատու է աշխատել համալասարանի հեղինակավոր  գիտնականների, դասախոսների և, իհարկե, մեր սիրելի ուսանողների հետ: Վստահ եմ, որ մեր խորհուրդը նույնպես կունենա հաջողություններ և կշարունակի պահպանել և ավելացնել բուհում ձևավորված գեղեցիկ ավանդույթները: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նախորդ խորհրդի բոլոր անդամներին՝ ի դեմս նախագահ Վլադ Ասատրյանի, և մեծ պատասխանատվությամբ եմ փոխարինում նրան այս պատվաբեր պաշտոնում»,- շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նշել է հոգաբարձունների խորհրդի նորընտիր նախագահ Արմեն Ղուլարյանը։

Ըստ աղբյուրի՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, շնորհավորելով Արմեն Ղուլարյանին, վստահեցրել է, որ հոգաբարձունների խորհրդի նախագահի, քարտուղարի և խորհրդի բոլոր անդամների հետ  հետագա աշխատանքները կնպաստեն համալսարանի զարգացմանը, առաջընթացին։ Նա կարևորել է քաղաքաշինության կոմիտեի և համալսարանի ակտիվ համագործակցությունը ինչպես բուհի, այնպես էլ ոլորտի զարգացման հարցում: Միևնույն ժամանակ համալսարանի ռեկտորը  բարձր է գնահատել նախորդ հոգաբարձունների խորհրդի հետ համատեղ աշխատանքը և շնորհակալություն հայտնեց  խորհրդի նախագահ, «Կամուրջ Շին» ընկերության ղեկավար Վլադ Ասատրյանին՝ վերջին տարիների ընթացքում ներդրած ջանքերի և  համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

«Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Ղուլարյան, համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նախկինում այսուհետ ևս Ձեզ հետ միասին՝ արդեն որպես հոգաբարձունների խորհրդի անդամ նպաստելու եմ մեր համալսարանի զարգացման և բարգավաճման գործին: Կոչ եմ անում խորհրդի բոլոր անդամներին, առավել ևս, պրակտիկ ճարտարապետներին և շինարարներին ամեն կերպ աջակցել և կուտակած փորձը ներդնել ոլորտի համար որակյալ մասնագետներ պատրաստելու կարևորագույն գործին: Շնորհակալություն եմ հայտնում համալսարանի ողջ անձնակազմին, ուսանողներին և, իհարկե, ռեկտոր Եղիազար Վարդանյանին՝ համատեղ ծավալած բեղմնավոր գործունեության համար»,- իր խոսքում նշել է Վլադ Ասատրյանը։

Նշվում է, որ հոգաբարձունների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններից անմիջապես հետո խորհրդի անդամների առաջարկով գումարվել է երկրորդ նիստը, որի օրակարգը հաստատելուց հետո, համալսարանի ռեկտորը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հաշվետվությունը, 2021 թվականի բյուջեի կատարողականը՝ ընդգծելով, որ 2021 թվականի բյուջեն գերակատարվել է շուրջ 318 միլիոն դրամի չափով, իսկ 2022 թվականի բյուջեի առաջարկվող նախագիծը, ի համեմատ 2021 թվականի, ունի դրական աճ մոտավորապես 694 միլիոն դրամի չափով:

«Եղիազար Վարդանյանը ներկայացրեց համալսարանի միջազգային վարականիշավորման ցուցանիշները, որոնք բավականին գոհացուցիչ էին առաջին անգամ բուհի միջազգային վարկանիշավորման համար: Ներկայացվեց գիտության ոլորտում գրանցված ձեռքբերումները, մասնավորապես, գիտական դրամաշնորհներում հաղթանակների էական աճը 2021 թվականին: Անդրադառնալով համալսարանի 2022 թվականի առաջնահերթություններին՝ նշվեց, որ այս տարի հատուկ ուշադրություն է դարձվելու ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի թարմացմանը, 2021 թվականի ձեռք բերված միջազգային համագործակցությունների շնորհիվ արտասահմանցի ուսանողների ներգրավմանը և բոլոր այն հարցերին, որոնք ուղիղ միտված են կրթության որակի բարձրացմանը»,- ասվում է հաղորդագորթյան մեջ:

ՃՇՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը բարձր է գնահատել համալսարանի տարեկան կատարված աշխատանքները, առանձնակի կարևորվել են ուսանողների և աշխատակիցների համար նախատեսված սոցիալական  ծրագրերը, հաստատվել 2022 թվականի բյուջեն և ներկայացված բոլոր ծրագրերը։

 


© 2009 ARMENPRESS.am