Լիբանանից Հայաստան՝ հանուն նոր հոբբիի ու ընտանիքի  

14:23, 14 Հունվար, 2022

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայրենիքում հետաքրքիր զբաղմունք գտնելու ցանկությամբ 2018 թվականին Նարինե Փոլադյանը «Դեպի Հայք» ծրագրով` որպես կամավոր, Լիբանանից Հայաստան եկավ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` երջանիկ պատահականությամբ մասնագիտությամբ ճարտարապետ աղջիկը Երևանի Արամի փողոցում տեսավ խաչքարագործ վարպետների աշխատանքն ու սիրահարվեց այդ գործին: Վարպետ Համբիկ Համբարձումյանը համաձայնեց աղջկան սովորեցնել քարի վրա նախշեր ստանալու հմտությունները:

Այստեղ Նարինեն ծանոթանում է ապագա ամուսնու` Ժորա Աբգարյանի հետ, ամուսնանում ու մշտական բնակության տեղափոխվում Գյումրի: Մասնագիտության մեջ խորանալու նպատակով Նարինեն ընդունվում ու այժմ սովորում է Գյումրու արվեստի ակադեմիայի մագիստրատուրայի քանդակագործության բաժնում:

 Խաչքարը 23-ամյա Նարինեի համար նախ հոբբի էր, հիմա արդեն աշխատանք՝ պատվերներ ունի ու օրվա մեծ մասն արվեստանոցում է անցկացնում, ինչպես խաչքարեր, այնպես էլ հայկական յուրահատուկ զարդանախշերով տարբեր քանդակներ է ստեղծում։ Իր արվեստանոցում հաճախ է նաև Գյումրի այցելած զբոսաշրջիկներին ընդունում՝ ծանոթացնելով իր աշխատանքներին: Նարինեն անկեղծանում է ծննդավայրում՝ Լիբանանում չէր էլ պատկերացնում, որ Հայաստանում խաչքարը ոչ միայն սիրած զբաղմունք, այլ նաև աշխատանք է դառնալու իր համար՝ պատվերներ ունի ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանից դուրս: «Խաչքարի մասին գիտելիք չունեի, տեսել էի խաչքարեր` ինձ համար սիրուն էին, բայց չէի խորանում ու չէի էլ պատկերացնում, որ ես կարող եմ դա անել ու արդեն 3 տարի է այս գործով եմ զբաղվում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է Նարինեն՝ վստահեցնելով, որ իր կյանքն արդեն առանց Գյումրիի ու խաչքարի չի պատկերացնում:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am