Այցի առանցքում կլինեն այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր. ՀՀ նախագահը կմեկնի ԱՄԷ

12:59, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն միջպետական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի հետևանքով:

Հայաստանի նախագահը կայցելի «Մասդար» գիտաարդյունաբերական կենտրոն. նշվում է, որ «Մասդար» ընկերությունը սկսել է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակում: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2019թ. Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Նախագահի աշխատակազմից ընդգծում են, որ «Մասդար»-ի կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում այսօր իրականացվող ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է: Հանրապետության նախագահի այս այցի ընթացքում «Մասդար»-ի ղեկավարության հետ կքննարկվեն ծրագրի հաջորդ փուլին և այլընտրանքային էներգիայի ոլորտում նոր ներդրումների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Շարժայի էմիրության ղեկավարության հետ նախագահ Սարգսյանը կքննարկի ավիացիայի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և ներդրումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա միջազգային մշակութային փառատոնի շրջանակում Հայաստանի՝ որպես փառատոնի պատվավոր հյուր մասնակցությանը, ինչը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությունը:

Հայաստանի նախագահը կմասնակցի նաև «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week 2022) միջազգային հեղինակավոր ֆորումին և դրա շրջանակում կազմակերպվելիք համաժողովներին:

«Աբու Դաբի կայունության շաբաթ»-ն անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը տարբեր միջոցառումների և համաժողովների շրջանակում հյուրընկալում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Այս տարի «Աբու Դաբի կայունության շաբաթվա» միջոցառումներին մասնակցելու են Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբը, ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) նախագահ Ալոկ Շարման, Եգիպտոսի արտգործնախարար, COP 27-ի նախագահ Սամեհ Շուքրին, Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Ջոն Քերին, Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ֆրանչեսկո Լա Կամերան, Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Ֆերիդ Բելհաջը, ՄԱԿ-ի ութերորդ գլխավոր քարտուղար, Global Green Growth ինստիտուտի խորհրդի նախագահ Բան Կի-Մունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, տարբեր երկրների կառավարությունների անդամներ, միջազգային կազմակերպությունների և խոշոր կորպորացիաների ղեկավարներ:

Նախագահ Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովին, ինչպես նաև կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին ու դրանցում կանանց ներգրավվածությանը նվիրված թեմատիկ քննարկումներին:


© 2009 ARMENPRESS.am