Տնտեսավարողներ կան, որ կռիվ են տալիս օտար բառերով գրությունների համար. Լեզվի կոմիտեի արձանագրումները

14:40, 11 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ցուցանակների վրա շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը: Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրում է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, երբ արտաքին գրառումները, ցուցանակներն աչքի են ընկնում օտարալեզու բառերով:

«Մենք ակնկալում ենք, որ ցուցանակների արտաքին տեսքը պետք է նախ հայրենով լինի, հետո օտար լեզվով: Հայաստանում գրագրությունը պետք է լինի հայերեն: Հորդորով դիմում եմ մեր տնտեսավարողներին: Այո, զբոսաշրջիկներ շատ են գալիս Հայաստան, բայց չէ՞ որ մենք չենք ապրում նրանց համար: Սա մեր երկիրն է, և այստեղ հայերենը պետական լեզվի կարգավիճակ ունի: Ամենուրեք պետք է լինի նախ հայերենը, նոր հետո ռուսերեն կամ անգլերեն»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն՝ ամփոփելով 2021 թվականի կատարված աշխատանքները:

Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով 2021 թ․ հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 76 վարույթ, 72 հայցադիմում ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Հայցերից 8-ը բավարարվել է,  19-ը՝ մերժվել, դատական կարգով 2 գործ կարճվել է. 43 գործ ՀՀ վարչական դատարանում քննության փուլում է, 11 գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք, 8 գործով ևս ներկայացվելու է։ Խախտումները հիմնականում արտաքին հարդարանքին են վերաբերում:

«Խախտումների թիվն ավելին կարող էր լինել, պարզապես յուրաքանչյուր գործ երկար ընթացք ու ժամանակ է պահանջում, իսկ մեր ռեսուրսները բավարար չեն: Դատարանները բավական ծանրաբեռնված են և, օրինակ, մի գործի վերաքննիչ բողոք լսելու ժամկետ է նշանակվել 2023 թվականին: Այնինչ, մեր հասարակությունն անհամբեր է: Հայերենի շահով ապրող ակտիվ հատվածը արդյունքի է սպասում, ցանկանում է, որ շտկվեն օտարալեզու գրառումները, սակայն մենք սպասում ենք դատարանի որոշմանը»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Լեզվի կոմիտեի նախագահի համար տարակուսելի է այն, որ շատ տնտեսավարողներ աչալուրջ չեն լինում հորդորներին, ավելին՝ իրավաբանների միջոցով փորձում են պաշտպանել օտարալեզու բառերը:

«Լավ ինչո՞ւ պետք է սպասեք, որ Լեզվի կոմիտեի աշխատակիցները գան ու արձանագրեն: Շատերը սպասում են, հետո փաստաբան են վարձում, փող են ծախսում, միայն թե պաշտպանեն, որ իրենց ցուցանակը պետք է լինի միայն անգլերեն: Ես հասկանում եմ, որ անգլերեն պետք է լինի, բայց ինչո՞ւ պետք է հայերենը  չլինի: Փոխարենը դնում են արտառոց, ոչինչ չասող բառեր: Մենք դրանով զբոսաշրջիկներին չենք զարմացնում, մենք հետաքրքրիր ենք մեր տեսակով, մշակույթով, նիստուկացով»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Կան նաև տնտեսավարողներ, որոնք հետևում են Լեզվի մասին օրենքի պահանջներին: Լինում է, որ պարզապես տեղեկացված չեն ու, իմանալուն պես, արագ շտկում են բացթողումը: Կան նաև տնտեսավարողներ, որ կռիվ են տալիս օտար բառերի համար:

 


© 2009 ARMENPRESS.am