Ոչ վաղ անցյալում ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների խնդրին մեր տարածաշրջանում. Փաշինյան

13:33, 10 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունն առաջացնում անհանգստություն ու մտահոգություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած արտահերթ նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շարունակում ենք բախվել նոր տիպի սպառնալիքների: Ղազախստանում առկա իրավիճակն առանձնահատուկ անհանգստություն ու մտահոգություն է առաջացնում ՝ հաշվի առնելով միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունը: Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք օտարերկրյա ահաբեկիչների խնդրին մեր տարածաշրջանում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ ՀԱՊԿ ջանքերը կնպաստեն կարճ ժամկետում Ղազախստանում բնականոն կյանքի վերականգնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առանցքային առաջնահերթություններից է կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը: Դրանից ելնելով, ՀՀ վարչապետի խոսքով, ՀԱՊԿ եկրներից ակնկալվում է համատեղ ջանքերի մեծացում հետագայում այդ մեխանիզմների կատարելագործման նպատակով:

Նիստի արդյունքներն ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առկա է բարձր մակարդակի փոխըմբռնում՝ կապված Ղազախստանի իրավիճակի հետ: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գործողությունները նպատակաուղղված են Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կայունացմանը և երկրի բնականոն կյանքի վերադարձին:

 


© 2009 ARMENPRESS.am