Դեսպանության ներկայացուցիչը ծանոթացել է  Սամոս կղզում պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանի պահման պայմաններին

18:13, 3 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչը հունվարի 3-ին ծանոթացել է  պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանի պահման պայմաններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանություն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Այսօր Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Սամոս կղզու ոստիկանական այն բաժանմունք, որտեղ գտնվում է պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ծանոթացել պայմաններին»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով։ 

Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել Սևան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու կապակցությամբ ձեռք բերված կացության իրավունքի ժամկետը, որը լրացել է դեկտեմբերի 29-ին: Տարածված տեղեկությունների համաձայն՝ Նիշանյանը դեկտեմբերի 30-ին ձերբակալվել է կացության կարգավիճակի ժամկետի լրանալու պատճառով: Նշվում է, որ Նիշանյանին արտաքսելու որոշում է կայացվելու:

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականին Թուրքիայում 17 տարվա ազատազարկման էր դատապարտվել, բանտից փախուստի էր դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին:

Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում իբր ապօրինի շինարարություն կատարելու համար: Թուրքական մամուլն այդ ժամանակ գրում էր, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am