Հրաչյա Սարգսյանը երդմամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը

11:18, 25 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետի՝ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի երրորդ Հանրապետության ընթացքում Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երդվեց «քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների»: Երդման պաշտոնական մասից հետո նրան հանձնվեց Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան։

Նորընտիր քաղաքապետն իր ելույթում նշեց, որ մեծ պատասխանատվություն է ստանձնել ավելի քան 2800-ամյա Երևանի քաղաքապետի պաշտոնը: «Մեր առջև ծառացած են բազում խնդիրներ, որոնք արդյունավետ ու հիմնարար լուծումների կարիք ունեն և որոնց ճշգրիտ լուծումներից է կախված մեր մայրաքաղաք Երևանի կայուն զարգացումը: 2018 թվականի ընտրություններից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել, որոնք թիմային աշխատանքի արդյունք են: Մեր նպատակն է, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա, համագործակցելով նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» ընդդիմադիր խմբակցությունների հետ, իրականացնել հավակնոտ, բայց իրատեսական ծրագրերը: Քաղաքի կառավարումը և ենթակառուցվածքների զարգացումը համակարգային մոտեցման անհրաժեշտություն ունեն և պետք է հիմնված լինեն արդյունավետ կառավարման, նորարարական մոտեցումների և ամենօրյա նվիրված աշխատանքի վրա»,- հայտարարեց քաղաքապետ Սարգսյանը:

[gallery id= 65465]

© 2009 ARMENPRESS.am