Փաշինյանը ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը և բոլորին խորհուրդ է տալիս նույնն անել

12:18, 23 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարը նշեց, որ եթե նախատոնական ու տոնական օրերին էլ փորձեն պահպանել հակահամաճարակային կանոնները, ապա իրավիճակը կկարողանան կայուն վիճակում պահպանել:

Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված չէ:

«Իրականացվել է 1 միլիոն 591 հազար 809 պատվաստում. 920 հազար 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափ, երկրորդ դեղաչափ ստացել է 670 հազար 710 քաղաքացի», - նշեց նա:

Ավանեսյանի խոսքով՝ մոտ 500 քաղաքացի արդեն ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ կորոնավիրուսի հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. պետք է պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էին այն ժամանակ, երբ նոր դեպքերի օրական թվերը հասնում էին 1500-ի, մահվան 70 դեպք էր արձանագրվում:

«Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք: Շատ կարևոր է, որ մենք այս հանդարտ փուլում հետևողականորեն շարունակենք պատվաստումները», - ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ ստացել է 3-րդ դեղաչափն ու բոլորին խորհուրդ է տալիս նույնն անել:

 

 


© 2009 ARMENPRESS.am