Երևանի Ռուսական թատրոնը Նոր տարվան փոքրիկներին կներկայացնի «Մաուգլի» բեմադրությունը

15:13, 21 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն Ամանորին փոքրիկ հանդիսատեսի դատին կհանձնի «Մաուգլի» բեմադրությունը՝ ըստ Ռեդյարդ Քիփլինգի ստեղծագործությունների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման ցուցադրությունները կմեկնարկեն դեկտեմբերի 22-ից: Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։

Մաուգլին անգլիացի գրողի՝ չարի դեմ պայքարի ու հաղթանակի մասին պատմող գազանների կյանքին նվիրված պատմվածքների շարքի գլխավոր հերոսն է: Հեքիաթում Քիփլինգն ընդգծել է մարդու հզորությունը և չարին միասնաբար հաղթելու կարևորությունը: Հեքիաթի հերոսները կենդանիներ են, բայց մարդու նման են իրենց պահում՝ սիրում են, ատում, դավեր նյութում, նույնիսկ առասպելներ պատմում։ Մարդ Մաուգլին և վայրի կենդանիները ապրում են միևնույն արդարացի օրենքներով։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները։ Բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Լուսինե Կարապետյանը, բեմադրությունն ու երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, պլաստիկան` Արա Ասատուրյանի:

 


© 2009 ARMENPRESS.am