Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց ընդդիմությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար

12:32, 21 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ շաբաթ ժամանակ տվեց «Հայաստան» խմբակցությանը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ներկայացնելու համար, հակառակ դեպքում իշխող քաղաքական ուժը ինքն իր թեկնածուին կներկայացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանձնաժողովի նիստին Քոչարյանը հիշեցրեց, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս իշխող խմբակցությանը իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել:

 «Որպես բարի կամքի դրսևորում կամ ինչպես ուզում են թող հասկանան , հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդատվություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, որովհետև մենք պատրաստ ենք նաև իրենց թեկնածուի վերաբերյալ քննարկում կազմակերպել: Եվ, քանի որ այդպիսի առաջարկը մնաց առկախված, այսօր նորից մեկ անգամ հիշեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել թեկնածուին, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ գալ կոնսենսուսի: Եթե դա չլինի, կարծում եմ, որ մեր հաջորդ արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կներկայացնի իր թեկնածուին»,- ընդգծեց Քոչարյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ մինչ այս պահը չի ընտրվել, քանի որ «Հայաստան» խմբակցությունը, որին պատկանում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասությունը, այդ պաշտոնում անընդհատ առաջադրում էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները չէին ընտրում: Հանձնաժողովի նախորդ նիստին «Հայաստան» խմբակցությունը որևէ մեկի թեկնածությունը չէր առաջադրել:


© 2009 ARMENPRESS.am