ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպմանը

20:08, 10 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրավերով դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանային խորհրդակցական հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ և փոխընկալելի օրակարգի ձևավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձևաչափերի գործունեության կրկնորդումներից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա։


© 2009 ARMENPRESS.am