Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը Հայաստանում. դեսպան Լույո

19:08, 10 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի գխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ժոզանը, ինչպես նաեւ դեսպանատան եւ գործակալության ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումը հատկապես կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում: Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաեւ շեշտել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:

«Դեսպանն Լույոն իր խոսքում նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման եւ երկու երկրների տնտեսական կապերի հետագա ընդլայնման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում հատկապես ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԶՖԳ տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ հայտնել է կազմակերպության պատրաստակամությունն ապագայում եւս Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումներին համահունչ նոր ծրագրեր մշակելու հարցում:

 


© 2009 ARMENPRESS.am