ՌԴ խաղաղապահները կենտրոնացած են գերիների վերադարձի և հումանիտար այլ խնդիրների վրա. Գերասիմով

16:38, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների զորախումբը այժմ կենտրոնացած է գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և հումանիտար այլ խնդիրների լուծման վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«Բացի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պահպանելուց, մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման վրա, ընդ որում ՝ հաջողությամբ լուծվում են հումանիտար խնդիրները», - ասել է  Գերասիմովը ՝ դեկտեմբերի 9-ին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ տեղի ունեցած ճեպազրույցում:

Ըստ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի` ավելի քան մեկ տարի առաջ հաջողվել է կանգնեցնել արյունահեղ պատերազմը և պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը և հաստատմանը:

 «Լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից իրականացվում է հերթապահություն դիտակետերում և պարեկություն»,- ասել է Գերասիմովը:


© 2009 ARMENPRESS.am