Դեկտեմբերի 10-ին Հայաստանը կմասնակցի «3+3» ձևաչափի հանդիպմանը

21:21, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը «3+3» բանակցային ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությանը ուղղված հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը «3+3» ձևաչափի հետ կապված։

Վարչապետը նշեց, որ այս հարցը քննարկել են ՌԴ գործընկերների հետո և կա ազդակ, որ իրենք էլ կիսում են հայկական կողմի տեսակետը։

«Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում՝ դեկտեմբերի 10-ին, 3+3 կամ 3+2 ֆորմատի նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, որին Հայաստանը մասնակցելու է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով, որովհետև այդ ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ կքննարկվեն հետագա անելիքները։ Շարունակությունն՝ ըստ այդ քննարկման արդյունքների»,-ասաց Փաշինյանը։

«Վեց երկրների հարթակի» կամ այլ կերպ ասած՝ «3+3» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ձևաչափ ստեղծելու գաղափարը 2020 թ. վերջին առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:


© 2009 ARMENPRESS.am