Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին և Նորայր Մեհրաբյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

21:00, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Արտյուշա Կարապետյանին, ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանին և ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի որդուն՝ Արեգ Էլիբեկյանին ու նրանց հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագրերն ու հուշամեդալները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, կարևորելով վաստակաշատ գործիչների ներդրած նշանակալի ավանդը Երևանում արվեստի զարգացման գործում՝ քաղաքապետ Մարությանը քաջառողջություն ու անսպառ եռանդ է մաղթել նրանց:

«Տասնամյակներ շարունակ, չխնայելով ուժ, եռանդ ու ժամանակ, դուք կրթել ու կրթում եք սերունդներ, և այս կոչման մեջ կա երևանցիների շնորհակալությունը ձեր այդ նվիրական աշխատանքի համար: Պետությունը կանգուն է իր մշակույթով, և դուք ստանձնել եք հայկական մշակույթի պահպանման ու տարածման կարևոր առաքելությունը»,- նշել է քաղաքապետը:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու պատասխանատու կոչման համար՝ Երևանի պատվավոր քաղաքացիները խաղաղություն են մաղթել մեր երկրին, և նշել, որ անհամբերությամբ են սպասում Էրեբունի-Երևան տոնակատարության վերականգմանը, որը ոչ միայն սիրված ու սպասված է, այլև վերածվել է համաժողովրդական տոնի:


© 2009 ARMENPRESS.am