Տարածաշրջանային կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ հայ- ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ. Մհեր Գրիգորյան

10:11, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, համաձայն որի պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել քայլեր հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դրա հետագա դեմարկացիայի վերաբերյալ երկկողմանի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ: Սակայն այս հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»,- նշել է նա:

Մհեր Գրիգորյանը հավելել է նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ։ «Այս հարցերի վերջնական կարգավորման քննարկում դեռևս չի եղել»,- ասել է նա։


© 2009 ARMENPRESS.am