Երևանի տիկնիկային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում

15:51, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մեկնել է Արցախ՝ հյուրախաղերի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունն անվանվել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն», հասցեները՝ Ստեփանակերտ, Մարտունի և Մարտակերտ:
Արցախցի փոքրիկների համար բեմադրվել է «Ոսկե Ճուտիկը» մանկական ներկայացումը: Այն դիտել են նաև Շուշիից և Հադրութից տեղահանված փոքրիկներ:

Ներկայացումներից բացի՝ թատրոնն անցկացրել է նաև վարպետության դասեր։ Երեխաները ծանոթացել են տիկնիկագործության արվեստին և պատրաստել իրենց առաջին տիկնիկը:

Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am