Ալեն Սիմոնյանն արձագանքեց իր հասցեին հնչող մեղադրանքներին և ընդդիմադիրներին կառուցողական լինելու կոչ արեց

12:31, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց մնալ կառուցողական դաշտում՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը դատարանում ստիպված կլինի ապացուցել իր հասցեին հնչեցված մեղադրանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ նիստում իր ելույթում:

«Դահլիճից դուրս աշխատասենյակում անընդհատ լսում եմ, որ իմ անունն են տալիս: Ասացի՝ գամ, ոչ մի բան բաց չթողնեմ, մեր գործընկերներին ողջունեմ, որոշակի հարցերի հետ կապված լուսաբանեմ»,-ասաց Սիմոնյանը:

Նա նկատեց, որ ժողովուրդը հոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից, հոգնել է, որ պատգամավորները ԱԺ-ում տարբեր ձևերով բզկտում են միմյանց: Նրա խոսքով՝ մարդիկ օրենսդրական նախաձեռնություններ են ցանկանում տեսնել:

Անդրադառնալով ընդդիմադիր Արեգնազ Մանուկյանի՝ իր հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ Սիմոնյանը հիշեցրեց, որ ինքը բոլոր բարձրացրած հարցերին վաղուց պատասխանել  է: «Երկրորդը՝ տիկին Մանուկյանը դատարանում ստիպված կլինի իր ասածները ապացուցել, հակառակ պարագայում կվճարի գումար և այստեղից կհերքի իր ասածներն իմ անձի վերաբերյալ, քանի որ դրանք կատարյալ սուտ եմ: Ես կրկին կոչ եմ անում մնալ կառուցողական դաշտում, հակառակ պարագայում հերթով, անուն առ անուն, նախադասություն առ նախադասություն կասեմ այն ամենը, ինչը, թերևս, բոլորը գիտեն մեր գլխավոր հերոսների, մեր ընդդիմադիր գործընկերների, մեր քաղաքական գործիչների, նախկին նախագահի պաշտոնը զբաղեցնողների և նրանց շրջապատի մասին: Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու»,-ասաց ԱԺ նախագահը:

Արեգնազ Մանուկյանն ավելի վաղ իր ելույթում հիշել էր, որ մի ժամանակ ներկայում գործող իշխանությունը, այդ թվում Ալեն Սիմոնյանը խոսել են պաշտոնյաների բարեկամների հաջողված բիզնեսների մասին՝ նկատելով, որ նրանք պետական միջոցներ են յուրացնում, պետական տենդերներ են հաղթում, թալանում: «2018-ի իշխանափոխությունից անցել է 3 տարի, և ձեր ասածները հաստատող որևէ կոռուպցիոն դեպք չեք բացահայտել: Դա նշանակում է, որ կամ նախկինում ստել եք կոռուպցիայի թեմայով կամ չեք ստել, պարզապես հիմա դուք եք նույն գործով զբաղվում: Ի դեպ, իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի շրջապատի, ընտանիքի գործերը: Նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, և դրանից հետո այդ կազմակերպությունը երջանիկ պատահականությամբ սկսել է ասֆալտի տենդերներ շահել և պետբյուջեի հաշվին հարստանալ»,-նշել էր Մանուկյանն ու Սիմոնյանի մեղադրել ասֆալտի տենդերներ շահելու, պետբյուջեի հաշվին հարստանալու և պետբյուջեի հաշվին նոր ավտոմեքենա ձեռք բերելու մեջ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am