ՔՊ-ն Աբովյանի 25 ընտրատեղամասում կբողոքարկի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և վերահաշվարկի դիմում կներկայացնի

11:45, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Աբովյան համայնքի 25 ընտրատեղամասերում կբողոքարկի ՏԻՄ ընտրությունների ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը:

«Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում մեկ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, և վերլուծելով նաեւ տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ և ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը 29-րդ ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ընտրատարածքներում կբողոքարկի ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»,-նշել է նա։

Աբովյան խոշորացվող համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները գրանցել էր ԲՀԿ-ն՝ ստանալով ընտրողների 44.4 տոկոս  քվեն, ՔՊ-ն` 35.2 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11.5 տոկոսը, Դաշնակցությունը՝ 4.9 տոկոսը։ Հայաստանի տարբեր մարզերի 36 խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքապետի ընտրություններ են անցկացվել Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի  մարզերի համայնքներում։


© 2009 ARMENPRESS.am