Ընդդիմությունն առաջարկում է սահմանազատման և սահմանագծման հարցերով արտահերթ նիստ հրավիրել

11:29, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» ընդդիմության նախագծի լրամշակված տարբերակով արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով է հանդես գալիս։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այն բանից հետո, երբ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ընդդիմության նախագիծը։

«Նկատի առնելով քվեարկությունը հայտարարում ենք, որ այսօր իսկ նախաձեռնում ենք նախագծի լրամշակված տարբերակի ներկայացումը, որը դրվելու է շրջանառության մեջ և տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 14-ին ժամը 12։00-ի համար պատգամավորների առնվազն մեկ քառորդի ստորագրությամբ առաջարկելու ենք արտահերթ նիստ այս նույն օրակարգով»,- ասաց Մինասյանը։

Ներկայացված նախագծով նախաձեռնության հեղինակները ՀՀ կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ սահմանադրության պահանջներն ու Հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ հարցը որեւէ կերպ չտարանջատել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից: Բացի այդ, կոչ է արվում միջազգային հանրությանը եւ բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծին:

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am