Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնը նշել է Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակը

15:23, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի և Հայրենական Մեծ պատերազմի տարիների մեղեդիներով Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Մոսկվայի տուն» կենտրոնից՝ նշելով, որ բեմում են եղել Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները՝ ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի գլխավորությամբ և «Only girls» խմբի (գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյան) մեներգչուհի Լիլիթ Խաչատուրյանը։

Բացառիկ ելույթով ներկայացել է նաև ռուս դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը՝ վետերանների համար կատարելով ռուս դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 

Համերգին ներկա են եղել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, որոնցից մեկը՝ Հենրիկ Խառատյանը, նշում էր իր ծննդյան  95-ամյակը։ Կենտրոնը շնորհավորել է վետերանին և հատուկ նվեր փոխանցել։ Նույն օրը 50-ից ավելի վետերաններ Մոսկվայի կառավարության անունից պարենային փաթեթներ են ստացել։

«Խոնարհվում ենք Հայրենական պատերազմի մասնակից բոլոր վետերանների առջև, ովքեր ոչ միայն հաղթանակել են այդ դժվարին պատերազմում, այլև մեր օրերում իրենց ներկայությամբ դաստիարակում են երիտասարդներին, սերունդներին են փոխանցում պատերազմի մասին իրական ճշմարտությունը՝ թույլ չտալով խեղաթյուրել պատմությունը», - նշել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը: 

Միջոցառմանը ներկա են եղել պետական այրեր և ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 


© 2009 ARMENPRESS.am