Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում շուրջ հարյուր տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

14:28, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Սուր գավառի հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

17-րդ դարի վերջին կառուցված Սուրբ Հովսեփ հայկական կաթոլիկ եկեղեցին լուրջ վնասներ էր կրել Դիարբեքիրում 2015 թվականին ծավալված թուրք-քրդական բախումների հետևանքով: Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացրել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը:

Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանն օծել է եկեղեցին, ինչից հետո շուրջ 100 տարի անց առաջին անգամ այնտեղ պատարագ է մատուցվել:

Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը թուրքական լրատվական գործակալությանը հայտնել է, որ վերանորոգումից հետո եկեղեցին կրթական ու մշակութային նպատակներով 10 տարով հատկացվել է Դիջլեի համալսարանին՝ պայմանով, որ հայ համայնքն իրավունք ունի այնտեղ կրոնական արարողություններ իրականացնել:


© 2009 ARMENPRESS.am