Արարատի մարզի ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվում

21:38, 5 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ խոշորացված համայնքներում 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահի՝ ժամը 20.00-ի տվյալներով, ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում և ահազանգ, որոնք վերաբերում են քվեարկության գործընթացին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դրանցից 6-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռք բերված օպերատիվ տվյալներ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 

«Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 8 հաղորդումների առնչությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ:

 Իսկ հաղորդումներից մյուս 4-ի կապակցությամբ մարզի դատախազության հանձնարարությամբ հետաքննության կամ նախաքննության մարմիններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախաձեռնվել է նյութերի նախապատրաստման գործընթաց, որն ընթացքի մեջ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  


© 2009 ARMENPRESS.am