Հայաստանը գյուղական տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի. ի՞նչ նախաձեռնություններ եղան ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր ասամբլեայի նիստին

11:45, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղական տուրիզմ ու նորարարություն. այս երկու ուղղությունները եղել են նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) Գլխավոր ասամբլեայի նիստի առանցքում:

Նիստին Հայաստանն առաջին անգամ մասնակցում էր նոր կարգավիճակով: Դեռ 2021 թվականի հունիսին Աթենքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստի ընթացքում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանն ընտրվել էր ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ասամբլեայի նիստի ընթացքում տեղի են ունենում պլենար նիստեր, երկկողմ հանդիպումներ: Սա լավ հնարավորություն է համագործակցության ընդլայնման, նոր պայմանավորվածությունների ձեռքբերման, համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի դիրքի բարելավման ու ճանաչելիության բարձրացման համար։

«Գլխավոր ասամբլեան զբոսաշրջության ոլորտում ամենախոշոր կազմակերպությունն է համարվում աշխարհում: Երկու տարին մեկ 150-ից ավելի երկրներ հավաքվում են մեկ տեղում: Սա տարբեր երկրների հետ տեղում համագործակցության հիմքեր ձևավորելու, եղած համագործակցությունն ընդլայնելու  շատ լավ հնարավորություն է: Այստեղ պետք է նշեմ, որ մեկ վայրում հավաքվում են զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարները ու միմյանց միջև պայմանավորվածություններ ձեռք բերելը շատ կարևոր է»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը:

Հայաստանն արդեն որպես ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում քննարկվող հարցերում ու առաջարկվող ծրագրերում: Այս տարվա նիստի օրակարգային ուղղությունները՝ գյուղական տուրիզմն ու նորարարությունն առանձնացնելով՝ Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ նոր նախաձեռնություններ են սկսվել թվայնացման ուղղությամբ, ինչպես նաև՝ փորձ է արվում ձևավորել ուսանողների լիգա, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել Հայաստանը: Ինչ վերաբերում է գյուղական զբոսաշրջությանը, ապա Սոնա Հովհաննիսյանը նկատեց, որ Հայաստանն այստեղ մեծ ասելիք ունի:

«Վերջին շրջանում Հայաստանում ներքին տուրիզմի զարգացման միտումներ են նկատվում: Գյուղական տուրիզմի զարգացումը մեր երկրում մեծ ներուժ ունի՝ զբոսաշրջային տների ցանցի, տարբեր ուղղությունների ու պրոդուկտների զարգացում: Պատահական չէ Զբոսաշրջության կոմիտեի կողմից Երևանում անցկացված զբոսաշրջային ցուցահանդեսը, որը միտված էր Հայաստանի ներքին տուրիզմի ներուժը ներկայացնելուն: Փորձում ենք այս ցուցահանդեսը հաջորդ տարի ևս կազմակերպել: Շատ կարևոր է մեր ներքին տուրիզմի հնարավորությունները նախ Հայաստանի քաղաքացիներին, այնուհետև՝ միջազգային շուկայում ներկայացնելը »,-ասաց Սոնա Հովհաննիսյանը:

Այս տարի Աթենքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի նիստի ընթացքում որոշում է կայացվել հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում:

Աննա Գզիրյան


© 2009 ARMENPRESS.am