Կվերադառնա արդյոք Ուզբեկստանը ՀԱՊԿ՝ պայմանավորված կլինի տարածաշրջանային զարգացումներով

11:32, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի՝ ՀԱՊԿ վերադառնալու հարցը ժամանակ առ ժամանակ օրակարգային է դառնում։ Նախօրեին այդ թեմային անդրադարձել էր ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը՝ նշելով, որ Մոսկվան կողջունի Տաշքենդի կողմից ՀԱՊԿ վերադառնալու հնարավոր ցանկացած քայլ՝ ներառյալ լիիրավ անդամակցության վերականգնումը։ «Մենք հարգում ենք Ուզբեկստանի ինքնիշխան ընտրությունը՝ կապված ՀԱՊԿ-ի եւ նրա անդամ երկրների հետ փոխգործակցության պարամետրերի եւ մոդելի մասով։ Չնայած այն հանգամանքին, որ Տաշքենդը դադարեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը 2012 թ., մենք ելնում ենք փոխշահավետ շփումների ամրապնդման եւ, ընդհանուր առմամբ, գործողությունների օգտակար համակարգման կարեւորությունից, այդ թվում՝ Աֆղանստանում ստեղծված բարդ իրավիճակի համատեքստում։ Ուզբեկստանը մնում է մեր լավ եւ վստահելի գործընկերը, բարեկամ երկիր ՀԱՊԿ անդամ երկրների համար»,- «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել էր Աղասանդյանը։

Նշենք, որ նոյեմբերի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Ուզբեկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Շավքաթ Միրզիոեւի բանակցությունների արդյունքում ստորագրվել էր 18 փաստաթղթից բաղկացած փաթեթ։ Այցի ժամանակ Ուզբեկստանի ղեկավարը նշել էր, որ «խորը ինտեգրացիա է ընթանում բոլոր ուղղություններով», այսինքն՝ կողմերն ընտրել էին երկկողմ ձեւաչափով հարաբերությունների խորացման տարբերակը։ Ավելի վաղ Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Կամիլովը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները ՀԱՊԿ վերադառնալու անհրաժեշտություն այս պահին չեն տեսնում` միաժամանակ կարեւորելով Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ համատեղ ահաբեկչական սպառնալիքների արձանագրումը։

Ուզբեկստանի 2018 թ. ընդունած պաշտպանական դոկտրինի, մասնավորապես 10-րդ կետում նշված է, որ երկիրը չի մասնակցում ռազմաքաղաքական դաշինքներին` միաժամանակ իրավունք վերապահելով դուրս գալու ցանկացած միջպետական կազմավորումից, եթե այն վերածվի ռազմաքաղաքական դաշինքի։ Փաստաթղթում արձանագրված են նաեւ երկրի տարածքում օտարերկրյա ռազմական բազաների եւ օբյեկտների տեղակայման արգելքը եւ զինված ուժերի չմասնակցելը արտերկրում խաղաղապահ գործողություններին ու ռազմական հակամարտություններին։

Սակայն այն բանից հետո, երբ թալիբները իշխանության եկան Աֆղանստանում, ավելի հաճախ սկսեցին տեղեկություններ տարածվել օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման մասին, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից Ուզբեկստանի եւ Տաջիկստանի, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրների հետ ապագա ռազմական համագործակցության հնարավորությունների քննարկումը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։ Հասկանալի է, որ տարածաշրջանում լարվածության ավելացման դեպքում չեզոքություն պահպանելն ավելի կդժվարանա։ Եթե հաշվի առնենք, որ Ուզբեկստանը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ է, իսկ Թուրքիայի հեռահար նպատակներից է կազմակերպության անդամ պետությունների հիման վրա նաեւ թուրանական բանակի ստեղծումը, ապա այս պարագայում եւս չեզոքության պահպանման հետ կապված հարցեր կառաջանան։

Ռազմաքաղաքական կազմակերպությունների դերակատարության բարձրացման եւ հեղինակության ամրապնդման ցուցիչներից է նոր անդամ-պետությունների ներգրավումը, ինչպես նաեւ արդեն իսկ անդամ հանդիսացող պետությունների շահերի պաշտպանության մակարդակը։ Որոշումները, բնականաբար, կայացվում են` ելնելով սեփական շահերից, թե որ կազմակերպությունն ինչ կարող է առաջարկել, ինչպիսի  ծավալով եւ ինչ արագությամբ է պատրաստ լինելու բավարարել անդամ պետությունների շահերը, առավել եւս` անվտանգության ոլորտում։ Նկատենք, որ Կենտրոնական Ասիայի երկրները հիմնականում ներգրավված են տարբեր կառույցներում եւ կազմակերպություններում, որոնք հաճախ հետապնդում են միմյանց հակոտնյա նպատակներ ու շահեր։

ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական դերի բարձրացումն օրգանապես կապված է Հայաստանի հետ` որպես այդ կառույցի հիմնադիր անդամ։ Թեեւ կազմակերպության անդամների մի մասը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամներ են, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ում մասնակցությունը որոշ չափով կարող է զսպել ոչ հայանպաստ հայտարարություններից եւ քայլերից։ Վերջերս ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ (տեսակոնֆերանսի ձեւաչափով) տեղի էր ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում ընդունվել էր հայտարարություն՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարող տարածքներում ռազմական ակտիվության եւ եվրասիական անվտանգության վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին նաեւ մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնք վերաբերում էին ռազմական անվտանգության ոլորտում փոխգործակցությանը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ


© 2009 ARMENPRESS.am