ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման հարցը
19:28, 3 Դեկտեմբեր, 2021Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները անդրադարձել են հրատապ լուծում պահանջող հարցերին, հատկապես հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։
Արարատ Միրզոյանը նաև շնորհավորել է Լեհաստանին ԵԱՀԿ գալիք նախագահության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Լեհաստանն իր նախագահության ընթացքում կձեռնարկի համապատասխան միջոցներ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ:
© 2009 ARMENPRESS.am