Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները հանդիպման ընթացքում ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտության մասին

17:05, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մանրամասնելով, որ նախարարները քննարկել են հայ-ֆիննական երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցերի, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ակտիվացման անհրաժեշտությունը։

Առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել խորացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար կապերի խթանման և նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող մի շարք հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը՝ կարևորելով իրավիճակի դեէսկալացիայի նպատակով միջազգային հանրության կողմից հասցեական արձագանքը։

Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։

Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Ֆինլանդիայի հետևողական դիրքորոշման կապակցությամբ՝ ի սատարումն հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

 


© 2009 ARMENPRESS.am