Մեկնարկել է Ջիլ գյուղի միջնակարգ դպրոցի շենքի շինարարությունը

13:50, 2 Դեկտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում պետական բյուջեի միջոցների հաշվին մեկնարկել է միջնակարգ դպրոցի շենքի կառուցումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Տաշիր Գրուպ» ՍՊԸ Ջիլի շինարարական տեղամասի պետ Սամվել Եսայանը, դպրոցական շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի նոյեմբերի 15-ին։ Արդեն ավարտվել են հողային աշխատանքները եւ ընթանում է հիմքերի եւ ապաստարանի կառուցումը։ «Եթե եղանակային պայմանները թույլ տան, առաջիկա երկու ամիսների ընթացքում արդեն կավարտենք հիմքերի եւ ապաստարանի կառուցումը եւ կանցնենք պատերի կառուցմանը։ Դպրոցը լինելու է 120-տեղանոց, ունենալու է մարզադահլիճ, նիստերի դահլիճ, մարզահրապարակ, համապատասխան դասասենյակներ, ճաշարան, խոհանոց։ Շինարարության մեջ հիմնականում ընդգրկված են տեղի բնակիչները՝ այս պահի դրությամբ 16 հոգի։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է մոտ 800 միլիոն դրամ»,- ներկայացրեց Սամվել Եսայանը։

Ջիլի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Ստեփանյանի հավաստմամբ՝ 2021-22 ուսումնական տարում դպրոց են հաճախում 99 աշակերտ։

«Այս ծրագրի իրականացմանը մենք երկար ենք սպասել։ Սահմանամերձ Ջիլում արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցի կառուցումը շատ կողմերով կնպաստի, որ մարդիկ կապվեն իրենց գյուղի հետ, իսկ երեխաները կրթվեն միանգամայն բարեկարգ պայմաններում, ժամանակակից բոլոր միջոցներով ապահովված միջավայրում, ինչի համար մեր մանկավարժների, աշակերտների եւ ծնողների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում հայրենի կառավարությանը»,- նշեց դպրոցի տնօրենը։

 Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am