Տոկիոյում մեդալների արվեստի միջազգային ցուցահանդեսին ներկայացվել են Գուրգեն Հակոբյանի աշխատանքները

11:20, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացված  մեդալների արվեստի միջազգային ցուցահանդեսին (FIDEM Exhibition) ի թիվս բազմաթիվ երկրների մասնակցում է նաև Հայաստանը՝  ներկայացնելով մեդալագործ  Գուրգեն Հակոբյանի աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գուրգեն Հակոբյանը նշեց, որ ներկայացրել է 4 աշխատանք, որոնք վերջին երկու տարվա գործեր են:

«Կոնկրետ թեմատիկա չկար, ազատ են ստեղծագործողները: Իմ ներկայացրած աշխատանքները բրոնզից են ու դասական՝ նորարար շեշտադրումներով սինթեզված: Տարբեր երկրներ մի քանի արվեստագետներով են մասնակցում»,-ասաց Գուրգեն Հակոբյանը՝ նկատելով, որ մեր երկրում մեդալագործության արվեստն այդքան տարածում չունի:

FIDEM-ը միջազգային մեդալագործական ֆեդերացիա է, որը երկու տարին մեկ տարբեր երկրներում կազմակերպում է կոնգրես և ցուցահանդես: Գուրգեն Հակոբյանը FIDEM-ի անդամ է ու ներկայացուցիչն է Հայաստանում:

Գուրգեն Հակոբյանն ունի մեդալագործական արվեստում ստեղծագործություններ՝ նվիրված հայ կոմպոզիտորներին՝ Էդուարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան, Առնո Բաբաջանյան և այլք:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև դեկտեմբերի 16-ը:


© 2009 ARMENPRESS.am