Արմեն Սարգսյանը հյուրընկալել է արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մորը

19:15, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 1-ին հյուրընկալել է «Ոսկե արծիվ» շքանշանակիր, «Արցախի հերոս», արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մորը՝ Նազելի Տերտերյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահն իր գնահատանքի խոսքերն է հայտնել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհված զինծառայողների, այդ թվում՝ Ալեն Մարգարյանի հիշատակին և շնորհակալություն հայտնել նման զավակ դաստիարակելու համար:

Տիկին Նազելին հուշեր է պատմել և դրվագներ ներկայացրել որդու մանկությունից, դպրոցական և ուսանողական կյանքից ու գործունեությունից: Նա պատմել է որդու հիշատակի հավերժացմանն ուղղված մի շարք ծրագրերի մասին, որոնք մտադիր է իրականացնել «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով՝ նշելով, որ դրանք կրթական ուղղվածություն ունեն:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ծրագրերի հստակեցումից հետո հնարավորինս աջակցել դրանց իրականացմանը:


© 2009 ARMENPRESS.am